Միջազգային տեղեկագիրը անդրադարձել է Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը
25.02.2004
Գայանե Դանիելյան, Երեւան
Հուշարձանների եւ պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի վերջին թողարկման մեջ ուշադրություն է սրվում ներկայումս Նախիջեւանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման վրա՝ դա որակելով «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:
«Համաշխարհային մատենաշարի» այս՝ երրորդ հրատարակության կազմի վերջին էջը ներկայացնում է հազարավոր հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացումը՝ քրեական մի գործողություն, որը համարյա անծանոթ է հասարակությանը, եւ որի համար Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի»,- ասված է տեղեկագրում: Այստեղ տպագրված է նաեւ Հայկական մշակույթն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (RAA) նախագահ Արմեն Հախնազարյանի եւ Դիթեր Վիքմանի՝ Ջուղայի գերեզմանատան եւ խաչքարերի պատմամշակութային արժեքին եւ հիշյալ ոճրագործության պատմական ու աշխարհաքաղաքական դրդապառճառներին անդրադարձող հոդվածը:
Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացնելով հրապարակումը, Հայաստանի մշակույթի փոխնախարար, ԻԿՈՄՈՍ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ նշված հրատարակությունը իրականություն է դարձել նաեւ ԻԿՈՄՈՍ-ի նախագահ Մայքլ Պեցետի ջանքերի շնորհիվ:
«Երբեւէ չի եղել, որ միջազգային նման հեղինակավոր կազմակերպությունը նման գնահատական տա, նման կերպ բնորոշի ադրբեջանցիների արածները»,- ասաց Գյուրջյանը:
20-րդ դարասկզբին Հին Ջուղային գերեզմանատանը կար շուրջ 10 հազար հայկական խաչքար: Այսօր գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացված է (մնացել են եզակի խաչքարեր՝ զառիթափ լանջերին):
No comments:
Post a Comment