Խաչքար՝ նահատակված խաչքարերին
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ, 2010-06-11
Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել. նա նույնությամբ վերականգնել է Ջուղայում ադրբեջանցիների կողմից ոչնչացրած 10 հազար խաչքարերից մեկը:
«Ջուղայի խաչքարագործության արվեստը լրիվ տարբերվում է մեր խաչքարագործությունից: Առաջին հայացքից թվում է՝ նույնն է, բայց հենց գործիքը վերցնում ու փորձում են աշխատել, անմիջապես ի հայտ են գալիս տարբերությունները»,- Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերից Ծատուրին նվիրվածի վերականգնման առիթով ասում է Բ. Հովհաննիսյանը:
Խաչքարը կերտվել է շուրջ 10 ամսվա ընթացքում: «Ավելի շուտ կավարտեի, բայց նախ ամեն նախշը կոթողի վրա էի նկարում, հետո փոխադրում քարին,- պատմում է քանդակագործն ու հավելում զարմանալի մի իրողություն,- գուցե խորհրդանշական է, բայց մինչեւ զինվորականի հագուստ չհագա, ոչինչ չստացվեց: Առաջին մի ամսվա ընթացքում այդ համազգեստով էի աշխատում»:
Խաչքարի կերտման գործում Բոգդան Հովհաննիսյանին օժանդակել է «Ջուղաքար» գրքի հեղինակ Արգամ Այվազյանը՝ տրամադրելով ինչպես այդ գրքի օրինակը, այնպես էլ այն խաչքարի բնօրինակի լուսանկարը, որը վերականգնել է քանդակագործը: Խաչքարը փորագրման հինգ մակարդակ-հարթություն ունի, ինչպես նաեւ զգալիորեն բարդ զարդանախշեր: Քանդակագործը հենց այս խաչքարը վերակերտելն էլ նախախնամություն է համարում: Աստվածատուրը եւ Բոգդանը նույն իմաստն ունեն՝ Աստծո կողմից: «Մեկ խաչքարը քիչ է, պետք է էլի կերտել ու Ջուղայի զոհված խաչքարերին նվիրված հուշարձանախումբ ստեղծել, որ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի համաձայնությամբ կտեղադրվի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու կանաչ պուրակում: Մնում է հովանավոր գտնել, ով պատրաստ լինի օժանդակել այս կարեւոր նախաձեռնությանը»,- ասում է Բոգդան Հովհաննիսյանը ու հույսով սպասում մեկենասի հայտնվելուն: Նա պատրաստ է անգամ նվիրել հայոց խաչքարագործության մեջ առաջին կրկնօրինակ նմուշը, որի Ջուղայում եղած տարբերակը 16-րդ դարի (1602 թ.) կոթող է եղել:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment